Անհետ կորած համարվող և գերի ընկած զինծառայողների մի խումբ ծնողեր փակել են Բաղրամյան պողոտան։ Ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ակցիան շարունակվում է վաղ առավոտից։ Նրանք սկզբում կառավարության շենքի մոտ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, այնուհետև, տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան տեղափոխել են ՀՀ նախագահի նստավայրի մոտ։
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2020 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք ընկել էին շրջափակման մեջ և հակառակորդի հետ անհավասար մարտի բռնվել:
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված գործը դատական ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, որը, ըստ մեղադրանքի ցուցաբերել է իշխանության անգործություն, ինչի հետևանքով շրջափակման մեջ հայտնված 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության. 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի վարորդի գտնվելու վայրն առայսօր անհայտ է: