Հասարակություն

Մահացել է «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը

Մահացել է ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի հիմնադիր նախագահ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը:

Հովհաննես Հարությունյանը, 1988թ. լինելով Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, 1989թ. առաջին անգամ ձերբակալվել է, ազատվելուց հետո ձևավորել է ջոկատ և մեկնել Հադրութ: Նույն թվականին կազմավորել է «Արաբկիր» ջոկատը, որը Հովհաննես Հարությունյանի ղեկավարությամբ մասնակցել է Իջևանի և Նոյեմբերյանի սահմանամերձ պաշտպանական մարտերին:

1990թ. «Արաբկիր» ջոկատը անդամագրվել է «Հատուկ Գնդին»: Նա «Հատուկ Գնդի» վաշտի հրամանատարն էր, որի գործունեության մեջ էր մտնում նաև ՀՀ առաջին նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ապահվումը: Նույն թվականին վիրավորվել է աչքից:

1991թ. իր ջոկատով մասնակցել է նաև Շահումյանի պաշտպանական մարտերին, այնուհետև ջոկատն իր մարտական ուղին շարունակել է Հադրութում և Մարտակերտում, իսկ 1993թ. մասնակցել է Քելբաջարի ազատագրմանը:

Հովհաննես Հարությունյանը զբաղեցրել է մի շարք պատասխանատու պետական ու հասարակական պաշտոններ։ 1992թ. եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանության պետը։ 1993թ. նշանակվել է Ազգային անվտանգության հակահետախուզության վարչության պետի տեղակալ։ 1993թ. ի վեր եղել է ԵԿՄ խորհրդի, ապա վարչության անդամ։ 1994թ. մայիսի 28-ին Հանրապետության նախագահի հրամանագրով Հովհաննես Հարությունյանին շնորհվել է ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետի կոչում։ Եղել է ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի հիմնադիր նախագահը։

Հովհաննես Հարությունյանը 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ հանդիսացել է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, ինչից հետո քաղաքական դետապնդման է ենթարկվել՝ կալանավորվելով և դատապարտվելով 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։