ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի ՆԳՆ ոստիկանության պատվիրակությանը՝ ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում էին նաև Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայության հրամանատար, գեներալ Ռուստամաս Լիուբաժևասը, Միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Էվելինա Գուդզինսկայիտեն և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը Լիտվայի գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային բարեփոխումները, մասնավորապես՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հիմքով նոր կառույցի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը նորաստեղծ Ներքին գործերի նախարարության կազմում:
Փոփոխությունների համատեքստում ծառայության պետը կարևորել է նաև ոստիկանական ծառայությունից քաղաքացիականի անցնելու գործընթացը, ոլորտում կենտրոնացված կառավարման ձև մշակելու հնարավորությունը, իսկ առաջնահերթություններից նշել է գործընթացների թվայնացման օրակարգը՝ ընդգծելով, որ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրումը 2022 թվականից տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ: Նա նաև նշել է, որ համանման եղանակով մոտ ապագայում կթվայնացվեն նաև այլ ծառայություններ, կներդրվի կենսաչափական նոր համակարգ:
Լիտվայի Միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Էվելինա Գուդզինսկայիտեն ներկայացրել է իրենց փորձը միգրացիայի կառավարման ոլորտում, արդեն թվայնացված ծառայությունների տրամաբանությունը, համակարգում արձանագրած հաջողությունները: Կողմերը քննարկել են նաև ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում ծավալվող համագործակցությունը, տարվող աշխատանքները վիզաների ազատականացման վերաբերյալ ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ:
Հյուրերը կարևորել են Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունն ու հույս հայտնել, որ իրենց այցն առավել կնպաստի ոլորտում երկու երկրների հետագա սերտ համագործակցությանը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։