Հասարակություն

Անահիտ Մանասյանը քննարկել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 18-ին, չհայտարարված այց է իրականացրել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
 
Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ տեղափոխելու տրանսպորտային միջոցներին առնչվող մի շարք հարցեր:
 
Այցի շրջանակում Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նաև դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի հետ։ Անահիտ Մանասյանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և անհրաժեշտ փաստաթղթերին։ Պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրում են շարունակական բնույթ: