Հասարակություն

Անդրանիկ Քոչարյանը և Անահիտ Մանասյանը այցելել են կենտրոնական հավաքակայան

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Ա. Ավթանդիլյանի ուղեկցությամբ ծանոթացել և հետևել են զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել հավաքակայանի անձնակազմի և զորակոչիկների հետ, ներկա են գտնվել զորակոչիկների վիճակահանության անցկացման գործընթացին` բոլորին մաղթելով բարի և խաղաղ ծառայություն:

Զորակոչիկներին համապատասխան ձևով ներկայացվել է ԶՈւ-ում մեկնարկած «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից:

Այցի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն ու Անահիտ Մանասյանը վեր են հանել տարաբնույթ խնդիրներ և ներկայացրել են այդ խնդիրների լուծման տեսակետները: