Հասարակություն

«Տարօրինակ կլիներ, որ ՀՀ իշխանությունները դիմեին Ֆրանսիայի իշխանություններին նման անհեթեթ լուրի պարզաբանման նպատակով». Խանդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Ֆրանսիա այցի ժամանակ ճշտել է՝ այդ երկրի նախագահն իսկապես ասե՞լ է, որ ինքն ավելի շատ է Ալիևի վրա ճնշումներ գործադրում, քան ՀՀ վարչապետը։

«Դա պարզաբանվել և հերքվել է։ Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատի կամ խորհրդարանի մեր գործընկերների մոտ։ Չեմ հիշում, թե դա ում կողմից է հերքվել, բայց պարզվեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում մեր դիվանագետների կողմից է դա հերքվել», - ասել է Խանդանյանը։

Հարցին՝ պաշտոնական Փարիզը դա հերքե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է Ֆրանսիան հերքում տա մի բանի, որը տեղի չի ունեցել և դեղին լուրի տեքստ էր։ Մեր հարաբերությունների ֆոնին շատ տարօրինակ կլիներ, որ ՀՀ իշխանությունները դիմեին Ֆրանսիայի իշխանություններին նման անհեթեթ լուրի պարզաբանման նպատակով»։