ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով, ըստ որի` վարչապետն իրավասու է ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի վարչապետի որոշմամբ կարգավորել Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը և թեկնածուներին ներկայացվող պահանջները:
Զեկուցողի խոսքով Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետն ինը տարի է` համաձայն Կոնվենցիայի, և հաջորդ տարվա սեպտեմբերին լրանում է դատավորի պաշտոնավարման ժամկետը, հետևաբար, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսի ավարտը, ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի երեք հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որը հետո արդեն, ըստ ներքին կանոնակարգերի և Կոնվենցիայի, պետք է անցնի ընտրության հերթական փուլերը: