Կառավարությունը նախատեսում է Օպերային թատրոնում ֆինանսավորման նոր մոդել ներդնել. այն ենթադրում է կազմակերությանը պետության կողմից լրացուցիչ ֆինանսավորման հատկացում, որը կարող է կազմել նշյալ կազմակերպության տվյալ տարում տոմսերի վաճառքից ստացված սեփական եկամուտների առավելագույնը 100%-ը՝ նոր և նախկին ներկայացումների վերափոխված տարբերակների բեմադրության համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով. «Ֆինանսավորման նոր մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար, որը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատավարձերի բարձրացման, նոր և վերափոխված ներկայացումների, հյուրախաղերի, անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար»։
Նա ասաց, թե 2022թ–ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տոմսերի վաճառքից ստացել է 614.4 մլն դրամ։ Իսկ թատրոնի ընդհանուր արտաբյուջետային եկամուտը կազմել է շուրջ 750 մլն, ինչը 2019թ–ի համեմատ կրկնապատիկ ավել է. «2023-ի համար թատրոնը կանխատեսել է, որ կգրանցի շուրջ 841 մլն դրամի սեփական եկամուտ։ Այս տարի արդեն 1.4 մլրդ դրամ տրամադրել ենք օպերային թատրոնին: Կանխատեսվող սեփական եկամուտների չափը հաշվի առնելով` թատրոնի ընդհանուր ֆինանսավորումը պետք է կազմեր 1.68 մլրդ դրամ, և այդ պարագայում փորձնական մոդելի ներդրման շրջանակներում թատրոնին հավելյալ տրամադրում ենք 233.5 մլն դրամ»։
Ֆինանսավորման նոր մոդելի արդարացման դեպքում մինչև 2026թ–ը այն կներդրվի ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող բոլոր 21 թատերահամերգային կազմակերպություններում։
Անդրադառնալով մյուս կազմակերպություններին` Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ 2021թ–ին թատերական ներկայացումներից ստացած հասույթը կազմել է 773.9 մլն դրամ։
Միջին հաշվով 1 ներկայացման տոմսերի վաճառքից թատրոնները 264 000 դրամի հասույթ են ստացել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե սա կարևորագույն բարեփոխումներից է, որի վրա տևական ժամանակ էներգիա ու ժամանակ են ծախսում. «Մենք ասում ենք՝ մշակույթը երկրում ռազմավարական ուղղություն է։ Բնականաբար, երբ սա ասում ենք, մշակույթի, թատերական կազմակերպությունների կողմից լինում է արձագանք, որ պետությունը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի»։
Վարչապետը նշեց, որ պետությունը պետք է աջակցի նոր ներկայացումներին, ֆինանսներ են տրամադրում, բայց երբ գնում են ներկայացման, տեսնում են՝ բացի կառավարության ներկայացուցիչներից, այլ հանդիսատես չկա. «Այսպես չի լինի, կառավարությունը միջոց ծախսում է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց»,- ասաց նա։ Վարչապետը խոսեց նաև թանգարանների մասին, շեշտելով որ կան այնպիսիք, որտեղ օրական հազիվ մեկ մարդ է այցելում։ Ըստ նրա, սա արհամարհանք է հենց մշակույթի հանդեպ. «Թանգարանը հո պահեստ չի»,- ասաց նա։