Հասարակություն

Ասոցիացիաները կսկսեն համագործակցել Առողջապահության նախարարության հետ. նոր նախագիծ

ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանն արտահերթ նիստում ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն առնչվում է առողջապահության բնագավառում մասնագիտական ասոցիացիաների մասնակցության ու գործունեությանը։

Ըստ նրա՝ ասոցիացիաներն առողջապահության բնագավառի կարևորագույն բաղկացուցիչ մասերից են, որոնք միավորում են տվյալ երկրի, տարածաշրջանի բուժաշխատողներին: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ասոցիացիաները Եվրոպական տարածաշրջանում և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներում օրենքի ուժով օժտված են մի շարք կարևոր լիազորություններով, որոնք փոխադարձաբար լրացնում են լիազոր մարմինների կողմից տարվող աշխատանքները՝ նպաստելով առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված և մեր երկրում արդեն գործարկված հասարակական կազմակերպությունների հետ սոցիալական համագործակցության լավագույն մոդելը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի առողջապահության բնագավառում ասոցիացիաների հետ լիազոր մարմնի համագործակցության նմանատիպ մոդել: Ասոցիացիաների հետ կկնքվի համագործակցության համաձայնագիր, որում կներառվեն համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, ինչպես նաև պարտավորությունների կատարման հսկողության և դրանց չկատարման դեպքում համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:

Ասոցիացիաները սկսելու են համագործակցել Առողջապահության նախարարության հետ, ինչը կնպաստի առողջապահության զարգացմանը մեր երկրում:

Նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ նշել է, թե մասնագիտական ասոցիացիաներն առանցքային տեղ են զբաղեցնում բժշկագիտության և առողջապահական համակարգերի զարգացման մեջ: Նրա խոսքով ժողովրդավարական երկրների կարևոր առանձնահատկություններից է հնարավորինս օգտագործել հանրության մտավոր ներուժն ու հնարավորությունները և որոշակի գործառույթներ էլ պատվիրակել հասարակական կազմակերպություններին ու մասնագիտական ասոցիացիաներին:

Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: