ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիների անձնագրում պահանջվում ելքի վիզա։
Ըստ Գաբրիելյանի, անձնագրում միայն այդ կնիքը դնելու պատճառով անձնագրային բաժանմունքներում այդքան ահռելի հերթեր գոյանում.«Այնպես էլ չի, որ մեծ գումար են տալիս քաղաքացիները, որ մտածենք՝ պետությունը գումարի համար է դա անում։ Արդյո՞ք նախատեսված է այդ ընթացակարգը հանել»։
Փոխնախարարը մանրամասնել է, որ օտարերկրյա պետությունում ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության կնիքը սահմանված է կառավարության որոշմամբ.«Այդ խնդրի լուծումը վերջնական նոր համակարգի ներդրմամբ կլուծվի, երբ ՀՀ-ում կգործի ՀՀ քաղաքացու մեկ ճամփորդական փաստաթուղթ՝ այն է բիոմետրիկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը և նման կնիքի անհրաժեշտություն չի լինի»։
Ըստ փոխնախարարի, միայն ՀՀ-ում է, որ ելքի այդ կնիքն անհրաժեշտություն է։
Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց, որ բիոմետրիկ անձնագրերի մասով էլ արդեն քանի տարի է՝ խնդիրներ են լինում և միշտ հետաձգվում, քանի որ տպելու հետ կապված խնդիրներ կան. «Կա՛մ պետք է շուտ ապահովենք այդ բիոմետրիկ անձնագրի տրամադրումը, կա՛մ այդ կնիքի հարցը լուծենք»։