Գործադիրն առաջարկում է խստացնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ-ում ներկայացրել է «ՀՀ դրոշի մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծերը։
Ըստ նրա, գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, դրոշի ներքևի մասը պետք է գետնից գտնվի 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պատասխանատվություն է սահմանված դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար, մասնավորապես, տուգանքի նշանակում 30.000-50.000 դրամի չափով: Նշված կարգավորումները տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա: Պաշտոնատար անձանց աշխատասենյակներում և այլ վայրերում տեղադրված դրոշների պարագայում խախտումները վարչական պատասխանատվության ենթակա չեն:
Առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները. դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել ընդհանուր պահանջ՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղադրված այն՝ պետական նշանակության շենքի վրա, թե՝ այլ վայրում: Հստակեցվում է պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. պահանջները խախտելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք կտուգանվեն 30-50 հազար, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով: Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը Վարչական դատարանի փոխարեն վերապահվելու է Ոստիկանությանը: