Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը հիմնազուրկ է որակել ադրբեջանական մեղադրանքները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքներին։

Ավանեսյանը հիմնազուրկ է որակել պաշտոնական Բաքվի մեղադրանքները. «Մեղադրանքները մշտական են հնչում, ամբողջովին հիմնազուրկ են և ՀՀ-ն բազմիցս դատարանում ապացուցել է, որ դրանք կրում են զուտ մարդասիրական բնույթ»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Հիշեցնենք, ըստ Ադրբեջանի, ԿԽՄԿ-ի կողմից «մաքսանենգ ճանապարհով» տարբեր ապրանքներ են տեղափոխվել Արցախ։

Ավանեսյանն ասաց, որ շարունակելու են աշխատանքները Կարմիր խաչի հետ, որպեսզի պահպանվի այդ շատ նեղ մարդասիրական միջանցքը և կարողանան լուծել պացիենտների տեղափոխման, ինչպես նաև դեղերի մատակարարման հարցերը. «Դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է, անգամ մի փոքր խմբաքանակի տեղափոխման հնարավորությունը, որ ժամանակ առ ժամանակ լինում է, ամենևին հարցի լուծում չէ։ Այսօր էլ թե՛ պլանային, թե՛ վիրահատական միջամտությունները հնարավորինս հետաձգվում են, որպեսզի անհետաձգելի բուժօգնությունը հնարավոր լինի»,- շեշտել է նա։