ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե անկախ նրանից՝ թալանչի է, թե ոչ, ուրիշի սեփականությունը վերցնելը պետք է հեշտ գործ չլինի. «Դա պետք է շատ մեծ գործընթաց անցնի, հակառակ դեպքում, դա շատ գայթակղիչ կլինի շատերի համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե մինչ օրս քանի թալանչի է պատժվել:
Ըստ Սուքիասյանի, սեփականության իրավունքը պետք է հազարավոր գործիքներով պաշտպանված լինի. «Դա պետք է կարճ ժամանակում մի կոճակով վերցնել հնարավոր չլինի: Նախկինում մի կոճակով էր լինում: Բոլոր դեպքերում, այդ ամենից հետո հարցը պետք է գնա դատարան: Եթե այդպես չլինի, մեկ կոճակով ցանկացած պահի ցանկացած մարդու կարող են զրկել սեփականությունից: Դա շատ վատ բան է»,- շեշտել է նա:
Խաչատուր Սուքիասյանի խոսքով, հենց նոր իշխանությունների գործունեության արդյունքում է, որ Հայաստանի պետական բյուջե մեծ գումարներ են մտել. «Մենք տեսնում ենք, որ մարդիկ, որոնք ապօրինի հարստացել են, բավականին մեծ գումար են վճարել Հայաստանի բյուջե: Դուք տեսնում եք, որ եթե վերջին 26 տարում բյուջեն հասել էր 2,5 մլրդ-ի և այս 4 տարվա ընթացքում ևս 2,5 մլրդ-ով ավելացել է: Այսինքն երբ խոսքը տնտեսական վնասի մասին է, օրենսդրությամբ նախատեսված է կարգավորումները»,- պնդել է նա։