Հասարակություն

Վեց ամսում ՀՀ է այցելել 1 մլն զբոսաշրջիկ

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանն այսօր հայտարարել է, թե այս տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով Հայաստան է այցելել 1մլն զբոսաշրջիկ։

«Սա ամենալավ ցուցանիշն է եղել, որը մենք ունեցել ենք։ Ամենալավ տարին զբոսաշրջության ոլորտի համար եղել է 2019 թվականը։ 2019-ի առաջին 6 ամսվա համեմատ՝ այս տարի 30 տոկոս աճ ենք ունենք։ 2019 թվականն ավարտել ենք 1.9 մլն զբոսաշրջիկով և եթե այս տեմպերով գնանք, հույս ունենք, որ 2մլն-ը կգերազանցենք», - նշել է Պողոսյանը։

Նրա խոսքով, այս ակտիվությունը պայմանավորված է տարբեր պատճառներով. «Մենք մեծ աշխատանք ենք տանում Հայաստան բրենդը միջազգային շուկայում ներկայացնելու համար, որպեսզի ավելի ճանաչելի դառնա, ունենք շատ հետաքրքիր արշավներ, աշխատում ենք տարբեր ավիաընկերությունների հետ։ Մասնակցում ենք միջազգային տարբեր ցուցահանդեսների։ Իտալիայի շուկան ենք պատրաստում ակտիվացնել, քանի որ բավականին հետաքրքրություն կարող է լինել Իտալիայից դեպի Հայաստան։ Ռուսաստանը միշտ մեր երկրով ամենահետաքրքրվածն է եղել։ Մեր զբոսաշրջիկների 52 տոկոսը հենց ՌԴ-ից են, այնուհետև՝ Վրաստանից և Իրանից»։