Հասարակություն

Բագրատաշենի մաքսատան մոտից գողացել էր «Շեվրոլե Կամարո» մեքենան

Հուլիսի 3-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 27-ի ժամը 20.14-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում կայանված իր «Շեվրոլե Կամարո» մակնիշի մեքենան:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ի գիշերը Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 1-ի կեսգիշերին մաքսատան հարակից տարածքից նշված մեքենան գողացել և տեղափոխել է Գյումրի:

Նա ներկայացրել է գողացած մեքենան:

44-ամյա գյումրեցին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Նոյեմբերյանի քննչական բաժին: