Հասարակություն

Հայաստանը նոր ապացույցներ կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, թե Հայաստանն Արդարադատության միջազգային դատարան կներկայացնի լրացուցիչ ապացույցներ՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ 

«Միջազգային դատարանների հետ աշխատանքը սկսվել էր դեռ Լաչինի միջանցքը արգելափակելու առաջին օրվանից՝  նախորդ տարվա դեկտեմբեր ամսից։ Առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն էր, որով դատարանը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հիվանդերի և անօթևան մնացած անձանց անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության վրա»,- ասել է նա։ 

Նա արձանագրել է, որ այս տարվա միջազգային դատարանի որոշումը, ցավոք, դեռ չի կատարվել ու այդ որոշման կայացումից հետո որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։