Շուկայում, այլ երկրների որոշ բեռնափոխադրողների համեմատ, առաջացել են ոչ հավասար պայմաններ, ինչի հետևանքով ՀՀ բեռնափոխադրողները չեն կարողանում մրցակցել և աստիճանաբար դուրս են մղվում բեռնափոխադրման շուկայից. այս մասին ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 30-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:
Պատգամավորի նախաձեռնած քննարկմանը մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նույն հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տնտեսվարողներ և բեռնափոխադրողներ:
Ներկայացնելով ոլորտում տիրող իրավիճակը` Արմեն Խաչատրյանը փաստել է, որ վերջին շրջանում հայ բեռնափոխադրողները խնդիրների առջև են կանգնել: Բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները հանգամանալի ներկայացրել են առկա խնդիրները: Ըստ նրանց` օգտագործելով հարևան երկրներից մեկի համարանիշերը` որոշ օտարերկրացի բեռնափոխադրողներ խուսափում են հարկեր վճարելուց, որի պատճառով նրանք ապրանքները ներկրում կամ արտահանում են առավել էժան գներով, ինչպես նաև զբաղվում են դիզվառելիքի ապօրինի վաճառքով: Հայ բեռնափոխադրողների հավաստմամբ` իրենք պարտաճանաչ վճարում են բոլոր հարկերը:
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանումներ է ներկայացրել մի շարք խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական համաձայնագրով երկուստեք ազատականացված են բեռնափոխադրումները: 2019 թվականից հայկական համարանիշով բեռնափոխադրողներն ազատված են ճանապարհային հարկ վճարելուց: Փոխնախարարի հավաստմամբ` գործում է ազատականացված ռեժիմ:
Արձանագրելով բարձրացված խնդիրները` Արմեն Խաչատրյանը շեշտադրել է բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է բեռնափոխադրումների նկատմամբ հսկողության բարձրացման կարևորությունը:
Նշվել է, որ հարցի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն` մինչև համապատասխան լուծումներ գտնելը: