Հասարակություն

«Պետություն֊մասնավոր հատված երկխոսության մեջ առկա է մեծ ներուժ»․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30֊ին Իջևան քաղաքում մասնակցել է «Պետություն-մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկումը կազմակերպվել էր Էկոնոմիկայի նախարարության գործընկերությամբ՝  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից անցկացվող «Իննոֆեստ» միջոցառման շրջանակներում։

Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հեռանկարներն ու առկա խնդիրները։

«Պետություն֊մասնավոր հատված երկխոսության մեջ առկա է մեծ ներուժ մեր երկրի բիզնես միջավայրը բարելավելու համար, ուստի մենք կազմակերպեցինք այս պանելային քննարկումը, որպեսզի լսենք գործարարների խնդիրները, հավաքագրենք և անցնենք դրանց լուծմանը»,֊ նշել է Վահան Քերոբյանը։

 Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև ԻննոԻջևան նորարարական հանգույցի պաշտոնական բացումը։