Հասարակություն

Սյունիքի մարզում կունենանք այլընտրանքային երկու ճանապարհ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե Սյունիքի մարզում Նորավան-Որոտան-Շամբ ավտոճանապարհի՝ 7,9 կմ հատվածի անցանելիության ապահովման և ոլորանների պարամետրերի բարելավման աշխատանքներ են իրականացվում:

Ըստ նրա, սա ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է. «Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է, ըստ էության, կառուցվում, որն արդեն ավարտական փուլին է հասել, և այս տարի անպայման կավարտենք, չէ՞, ինչը, դուք հիշում եք, որ հայտնի իրադարձություններից հետո դեպի Իրանի Իսլամական Հանրապետության սահման տանող ճանապարհն անցնում էր Տաթևի ոլորաններով, որը դժվարանցանելի ճանապարհ էր, բայց, միևնույն ժամանակ, այդ ճանապարհը լիարժեք, ըստ էության, ծառայեց այս ընթացքում: Մենք կարողացանք ապահովել այդ ճանապարհի գործունակությունը նաև այն բանի շնորհիվ, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախապես պլանավորված էր եղել: Իհարկե, հանգամանքների բերումով մենք արագացրինք, հընթացս որակի հետ կապված պրոբլեմներ առաջացան, բայց հաղթահարեցինք»:

Վարչապետը նշել է, թե հետո որոշվել է երկրորդ ճանապարհը կառուցել՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ և Նորավան-Որոտան-Շամբ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ մանրամասներ է հայտնել Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունից, ասելով, թե այն ավարտված է. «Ամեն ինչ նորմալ է: Սա գործող ճանապարհ է, արդեն բարեկարգում ենք, հիմնանորոգում ենք»:

«Նկատելիորեն կրճատում է Կապանից և Մեղրիից դեպի Երևան եկող ճանապարհը, և արդեն կունենանք այլընտրանքային երկու ճանապարհ»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը: