Գործադիրը հաստատել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:
Ռազմավարության հիմնական նպատակներից են՝ պարենային անվտանգության, այդ թվում կենսապես կարևոր պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակի բարձրացումը, նյութական պահուստի պաշարների համալրումը և ընդլայնումը, ինչպես նաև բնակչության բոլոր խավերի համար առնվազն ֆիզիոլոգիական նվազագույն նորմերին համապատասխանող սննդի ձեռքբերման տնտեսական հնարավորությունների և օգտագործվող սննդամթերքի անվտանգության ապահովումը: Ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել, մասնավորապես, բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիություն:
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն կունենան իրականացված աշնանացան ցորենի ցանքի դիմաց ստանալ ծրագրով նախատեսված փոխհատուցում: 2023 թ. պետբյուջեով «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման նպատակով փոխհատուցման տրամադրում» ծրագրի շրջանակում նախատեսված էր 2,825,000 հազ դրամ 32500 հա ցանքի համար, որից 11000 հա հավատարմագրված սերմով և 21500 հա չհավաստագրված սերմերով ցանքի իրականացման համար:
Սակայն, համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության, ծրագրի շրջանակում կատարվել է 55198 հա աշնանացան ցորենի ցանք, ընդ որում 14310 հա ցանքն իրականացվել է հավաստագրված սերմերով, իսկ 40888 հա ցանքը՝ չհավաստագրված սերմերով: Արդյունքում, առաջացած կարիքը բավարարելու համար անհրաժեշտ է տրամադրել ևս 1,754,335 հազ դրամի գումար: Ծրագիրը իրականացվել է 2022-2023 թթ. և դեռ շարունակվում է իրականացվել ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի։