Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն վերջին անգամ է մասնակցել որպես նախարար:
Վարչապետը, շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարարին և նշել․ «Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նոր նախարարություն ունենք՝ ՆԳՆ-ը, որը Ոստիկանության, ԱԻՆ-ի և մի քանի այլ ստորաբաժանումների արդյունք է։ Ուզում եմ հիշեցնել մեկ խոստում՝ 2018 թվականին մենք խոստացանք, որ պետական կառավարման համակարգը պետք է մաքսիմալ օպտիմալ դարձնել։ 2018 թվականին մենք ունեինք 17 նախարարություն, այսօր ունենք 12։ Իհարկե, ԱԻՆ-ի հետ կապված իրադրությամբ թիվը չի փոխվել, բայց շնորհակալ եմ պարոն Փամբուխչյանին ԱԻ նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, դրանից առաջ նա ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար և համոզված եմ, որ ձեր ներուժը, հմտությունները կօգտագործվեն պետական կառավարման համակարգում՝ ի բարօրություն մեր պետության»։
ԱԻ նախկին նախարարը ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին․ «Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար, գործադիրի և պետական, օրենսդիր մարմինների այն ներկայացուցիչներին, որոնց հետ այս ընթացքում աշխատել ենք, և նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում ՆԳՆ-ին, պարոն Ղազարյան արդյունավետ աշխատանք»։