Հունիսի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
Հանդիպման ընթացքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է 2021 թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված երկու իրավապահ կառույցների համագործակցության հաստատման աշխատանքային համաձայնագրին, որն իրավական հիմք է ստեղծել անդրազգային հանցավորության դեմ պայքարի մի շարք ոլորտներում փոխգործակցության համար։ Նա նշել է, որ համաձայնագրից են բխում նաև «ՀՀ ՆԳՆ և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «ՀՀ ՆԳՆ և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը, որոնք արդեն պատրաստ են ստորագրման:
ՆԳ նախարարն ընդգծել է, որ այդ փաստաթղթերը հիմք կհանդիսանան Եվրոպոլի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման, ինչպես նաև Եվրոպոլում կապի սպա ունենալու գործում։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպոլի գրասենյակի գործընկերներին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցներին՝ Համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներում ներգրավվածության և ակտիվ մասնակցության համար:
Նա վստահեցրել է, որ իրավական ամուր հիմքը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն կտա առավել բարելավելու երկկողմ համագործակցությունը Եվրոպական Միության անդամ երկրների իրավապահ մարմինների հետ՝ անդրազգային հանցավորության, ահաբեկչության, կիբերհանցավորության և հանցավորության այլ տեսակների դեմ պայքարում: Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլն ընդգծել է փոխըմբռնման հուշագրի և փոխգործակցության համաձայնագրի կարևորությունը, խոսել հատկապես իրավապահ ոլորտում անվտանգ կապուղու և տեղեկատվության փոխանակման հնարավորությունների մասին:
Նա խոսել է նաև ծանր և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ անդամ պետություններին ցուցաբերվող արդյունավետ աջակցության մասին։ Հանդիպման ավարտին կողմերն ստորագրել են «ՀՀ ՆԳՆ և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «ՀՀ ՆԳՆ և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։