Հասարակություն

Հայկական կողմի համար կան ամենասկզբունքային, ամենակարևոր երեք կետեր. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են խաղաղության պայմանագրի գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ։

ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Հայաստանին պետք է ունենալ իր շահերից բխող խաղաղության պայմանագիր հնարավորինս արագ: Հայկական կողմի համար կան ամենասկզբունքային, ամենակարևոր երեք կետեր:

«Առաջինը՝ կոնկրետ քարտեզ դնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում: Երկրորդը՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն է, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմով: Երրորդը՝ երաշխիքների ինստիտուտն է»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով վաշինգտոնյան բանակցություններին, Ռուբինյանն ասել է. «Ակնկալում ենք առաջընթաց: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից և հնարավոր կլինի ստորագրել: Բնականաբար, գործընթացը բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Կան նաև հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ»։