ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը․ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն, բայց նրանք այլևս չեն կարողան աշխատել։
«Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել է որոշակի ժամանակահատված՝ դպրոցներում գործող ուսուցիչներին սովորել և ձեռք բերել բարձրագույն կրթություն։ Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն և շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել մեր դպրոցներում այս տարվա օգոստոսի 20-ից սկսած»,- ասել է Անդրեասյանը։
Նախարարը հավելել է, որ նախագծով առաջարկում են նրանց ընձեռնել հնարավորություն մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին. «Եթե այդ գործընթացները տվյալ ուսուցիչները անցնեն հաջողությամբ, նրանց կտրվի հնարավորություն շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը»։