Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող առողջ ապրելակերպի հանրային իրազեկման հերթական արշավն ավագ սերնդի ներկայացուցիչների համար էր:
«Ակտիվ և առողջ ապրելակերպ` ավագ սերնդի համար» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցել են հարյուրից ավելի տարեցներ: Հանրային այս միջոցառման նպատակն ավագ սերնդի ներկայացուցիչներին առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքների իրազեկումն է` ուղղված առողջ կենսակերպի ձևավորմանը:
Մեկնարկը տրվել է մասնակիցների երաժշտական կատարումներով, ապա կազմակերպվել են յոգայի վարժություններ, ուղեղի աշխատանքը խթանող տարատեսակ խաղեր, անցկացվել է մեդիագրագիտոթյան դասընթաց: Մասնակիցները շրջել են սքրինինգային տաղավարներով, որտեղ հնարավորություն են ունեցել չափելու զարկերակային ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որոշել մարմնի զանգվածի ինդեքսը, և իրականացվել է հիշողության գնահատում:
«Մենք փորձում ենք փոխել ծերության նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը, ինչի շնորհիվ հնարավոր է ձերբազատվել կարծրատիպերից: Պետք չէ ծերությությունը դիտարկել որպես կյանքի մայրամուտ, հակառակը` այն կարող է լինել սկիզբ: Այստեղ հավաքված մարդիկ ֆիզիկապես ակտիվ են և պատրաստակամ նորը սովորելու, ընդունելու, վերափոխվելու»,- իր ողջույնի խոսքում նշել է առողջապահության նախարարության հանրային առողջության գլխավոր մասնագետ Քրիստինե Գալստյանը:
Տարեցների բարեկեցության, առողջ ապրելակերպի նպատակը համախմբել է պետական և հասարակական հատվածը: «Առաքելություն Հայաստան», «Ալցհայմերի խնամք Հայաստան», «Տարեցների առողջության և խնամքի ասոցիացիա» կազմակերպությունների համատեղ ջանքերով կազմակերպված առողջ ապրելակերպի միջոցառումը սկիզբն է առաջիկայում կազմակերպվելիք մեծ արշավի: