Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզաբանել է իր առևանգման վերաբերյալ խոսակցությունները և նշել, որ իրեն բերման են ենթարկել ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ և բռնության են ենթարկել․
«Այդ օրն առավոտյան մեր տուն եկան՝ խուզարկության, որին չեմ մասնակցել։ Ինձ տեղափոխեցին Երևանի քննչական վարչություն, որտեղ իմ հանդեպ շատ վատ վերաբերմունք դրսևորեցին։ Ինձ այնտեղ պահել են 11 ժամ, որից մոտ 8-9 ժամը եղել եմ ձեռնաշղթաներով՝ ձեռքերս ետևս ծալած։ Ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքների, շանտաժի, սպառնալիքների ընտանիքիս հասցեին։ Ինձ ասել են, որ կնոջս և երեխայիս այլևս չեմ տեսնելու․ մեքենա կգցի տակը, տունը կհրդեհվի․․․ ինչ-որ բան կպատահի տնեցիներիս։ Ասել են, որ ինձ «ընտանիքով են վերացնելու»։ Ասողը եղել է, ոչ ավել, ոչ պակաս, քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը»,- հրապարակված տեսանյութում հայտնում է Առաքելյանը։
Նա վստահեցնում է, որ այդ օրն իր հետ երկու անգամ հանդիպել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, և երկու հանդիպումների ընթացքում էլ ինքը խոշտանգվել է. «Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով։ Ջուրը լցնում էին վրաս, էլեկտրաշոկով մարմնիս տարբեր հատվածներ սկսում վառել… նույն Արգիշտի Քյարամյանը։ Երբ ինձ ուղեկցեցին վարչության պետի կաբինետ, այնտեղ էր Արգիշտի Քյարամյանը։ Հիշեցնեմ, որ Քյարամյանն այլ հասցեում է աշխատում, ուղղակի այցելել էր ՔԿ Երևանի քննչական վարչություն, որպեսզի հանդիպի ինձ հետ վարչության պետ Ազատ Գևորգյանի կաբինետում։ Ինձ արդեն խոշտանգած վիճակում են մտցրել իրենց մոտ։ Այդտեղ էլ են խոշտանգել։ Ինձ գետնին էին գցել, Արգիշտի Քյարամյանը կանգնել էր ոտքերիս, Ազատ Գևորգյանը էլեկտաշոկով մարմնիս տարբեր մասերին ջուր էր լցնում և էլեկտրաշոկը միացնում։ Այդ ժամանակ իմ առաջ պահանջներ էր դրվում»։
Այդ պահանջների մասին Առաքելյանը հարկ չի համարել խոսել տեսաուղերձում։ Նա հայտնեց, որ հատուկ նամակով դիմել է Հայաստանի վարչապետին, ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին և ՄԻՊ-ին։
Radar Armenia-ն մեկնաբանություն ստանալու վերաբերյալ տեսանյութն ուղարկեց քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին, որ չեն մեկնաբանում. «Անհիմն, օդում արված հայտարարությունները չենք մեկնաբանում։ Դրա համար կա իրավական ընթացակարգ»,- հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Radar Armenia-ն կոմիտեից տեղեկացել էր, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հայկ Մագոյան