Հասարակություն

«Ամենօրյա աշխատանք ենք տանում Երևանի և հարևան բնակավայրերի սահմանների ճշգրտման աշխատանքն ավարտելու համար». Սուրեն Թովմասյան

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձել է Երևանում և Հայաստանի մյուս բնակավայրերում կադաստրային քարտեզների ճշտումներին։

«Երևանի (և ոչ միայն) կադաստրային քարտեզները դեռ վաղուց երբ իրականացվել է, չեն օգտագործվել այնպիսի տեխնոլոգիաներ, որ թույլ կտային համապատասխան ճշգրտություն ապահովել, և տեխնոլոգիաների բացակայության ժամանակ տարածքների քարտեզագրման ժամանակ եղել են բազմաթիվ սխալներ, որի մասին մենք չեն զլացել, խոսել ենք, որի արդյունքում, առաջին անգամ, կառավարությունը 2021թ. հաստատեց 698 որոշումը, որ վերաբերում էր կադաստրային քարտեզների ուղղման կարգին։ Համապատասխան որոշումն ընդունվելուց հետո կադաստրի կոմիտեն հնարավորություն ստացավ իր նախաձեռնությամբ սկսել քարտեզների ուղղումներ անել։ Այսօր Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի հատվածներում մեր միջոցներով, մեր ռեսուրսների հաշվին ուղղել ենք կադաստրային քարտեզները, և դրանք առցանց են վարվում»,- ասել է նա։

Սուրեն Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ ողջ հանրապետության քարտեզները տեղափոխել են առցանց միջավայր․ «Երևանի քաղաքապետարանի հետ ամենօրյա աշխատանք ենք տանում Երևանի և սահմանակից բնակավայրերի միջև սահմանների ճշգրտման աշխատանքն ավարտելու համար։ Այստեղ էլ խնդիր ունենք, որ չկա կոնկրետ սահմանագիծ Երևանի ու հարևան բնակավայրերի միջև։ Այս աշխատանքներն ավարտելուց, Երևանն առցանց միջավայր տեղափոխելուց հետո մենք կսկսենք Երևանի կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքը»։ 

Նա նշեց, որ առանձին դեպքերում բազմաթիվ են խնդիրները, և փորձում են լուծել դրանք։

Կադաստրի պետը նաև նշեց, որ Շիրակում կադաստրային ճշգրտումներից հետո բողոքները կրճատվել են հինգ անգամ։

Ի պատասխան մասնակիցներից մեկի հարցին, նա նշեց, որ կադաստրային քարտեզների ուղղման կարգն ընդունվել է պիլոտային ձևով՝ 2021թ. «2021թ. սեպտեմբերից հետո ավարտել ենք Շիրակը, ավարտել ենք Սյունիքի այն հատվածները, որտեղ ունեցել ենք տեղեկատվություն, իսկ դա հիմնական ակտիվ գոտիներն են, որտեղ ճանապարհաշինարարություն, պետության կողմից ներդրումային ծրագրեր պետք է իրականացվեն, և այդ տրամաբանության մեջ մենք արել ենք Սյունիքը, որ ճանապարհի, թունելի շինարարության հետ կապված՝ պետությունն օտարման խնդիրներ չունենա»։ 

Ըստ նրա՝ ավարտվել է Մասիս, Արտաշատ, Ծաղկաձոր, Հրազդան համայնքների կադաստրային քարտեզների ուղղումները. «Հիմա անում ենք Արարատի Արարատ և Վեդի համայնքները»։ Նա նաև տեղեկացրեց, որ Ծաղկաձորից դուրս է մնացել մի հատված, որտեղ հնարավոր չէր ուղղում անել, այլ դրա համար անհրաժեշտ էր բացառապես սեփականատերերի համաձայնությունը։

Նա նաև տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտեում այս հարցի շուրջ աշխատում է 10 մասնագետ, ամենօրյա ռեժիմով ստուգումներ են անում, համաձայնեցնում են համայնքների ղեկավարների հետ, տեղադրում առցանց համակարգում. «Որպես այդպիսին ես չեմ կարող ասել, որ ուղղման արդյունքում ունենալու ենք 100 տոկոսանոց տվյալներ, որովհետև սա առաջին աստիճանի առաջին մակարդակի ուղղում է, որից հետո քայլն ավելի է խորացվելու»։

Ըստ Թովմասյանի, պլանավորված է միչև 2026թ. ավարտել առաջին աստիճանի ուղղման աշխատանքները. «Դրանից հետո շարունակվելու է աշխատանքը, որովհետև հարևանների միջև խնդիրներ կան։ Հարևանների վեճերին մենք հիմա չենք անդրադառնում, մենք հիմա անդրադառնում ենք գլոբալ քարտեզը հավաքելուն։ Կոպիտ ասած, փազլ է, որ քանդել ենք, հերթով հավաքելով շարժվում ենք առաջ»։