Հասարակություն

«Փինք Բերրի» պաղպաղակներում կաթնայուղի փոխարինիչ չի հայտնաբերվել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել էր երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում:

«Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակների նմուշներում հայտնաբերվել էր կաթնայուղի փոխարինիչ։ 

Հետագծելիությամբ՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Փինք Բերրի» ՍՊԸ-ում։ 

Քանի որ նշված արտադրատեսակները պատրաստվում են թխվածքաբլիթի փշուրներով, որոնց բաղադրության մեջ առկա է կաթնայուղի փոխարինիչ, նմուշառումն իրականացվել է պաղպաղակի խառնուրդից՝ մինչև թխվածքաբլիթի փշուրների ավելացումը։ 

Փորձաքննության արդյունքում պաղպաղակի խառնուրդում կաթնայուղի փոխարինիչ չի հայտնաբերվել։ 

Այսպիսով, «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։