ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» խորագրով աշխատանքային քննարկում:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ իրենց մոտ, Երևանի քաղաքապետարանում և հանրային ծառայություններ մատուցող ընկերություններում աշխատանքներ են տարվում մեկ ենթակառուցվածքի ներքո տվյալների հավաքագրման կոնտեքստում։ Ըստ նրա՝ պետք է հնարավորություն ընձեռնվի օգտվել ստեղծված տարածական տվյալների ենթակառուցվածքից. «Համապատասխան որոշումներ կայացնելու համար ունենալ ճշգրիտ բազա, ճշգրիտ տեղեկատվություն և հենվել դրա վրա։ Կառավարության 2021-26թթ․ ծրագրում ներառված է առանձին ենթաբաժին՝ տարածական տվյալների ստեղծման ենթաբաժինը։ Կադաստրի կոմիտեն որոշակի գործողություններ արել է՝ գործարկելով ազգային գեոպորտալը և այնտեղ տեղադրելով համապատասխան օդային նկարներ, կադաստրային քարտեզներ, հողային ֆոնդ և այլն»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում եղած տվյալները, որ պահպանվում էին կադաստրի կոմիտեի սերվերներում, այժմ ամբողջությամբ հասանելի են բոլոր պետական մարմիններին՝ առցանց ծառայության միջոցով, և պետական մարմիններն ունեն հնարավորություն օգտվելու այդ համակարգից։
Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ն ընդունել է օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում համայնքներին հնարավորություն է ընձեռնվել, որ նրանք էլ միանան ու օգտվեն այդ նույն տարածական տվյալների ենթակառուցվածքից, որը պահպանվում է անշարժ գույքի իրավունք գրանցող մարմնում. «Որպես առաջին ծիծեռնակ՝ մենք քննարկում ենք Երևանի քաղաքապետարանի հետ, որ համապատասխան պայմանագիրը կնքենք և այս հարթակին ևս հասանելիություն ապահովենք քաղաքապետարանից»։
Կադաստրի պետը մանրամասնեց, թե ինչ է իրենից ենթադրում այս հարթակը. «Սա այն տարածական ինֆորմացիոն բազան է, որտեղ պահպանվելու են գրանցված իրավունքները, հողի նշանակությունը, հասցեները, գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկատվություն, աշխարհագրական անունները, և այլն։ Այստեղ հնարավորություն է լինելու՝ ավելացնել բոլոր ենթակառուցվածքները, և շինարարները, բիզնեսմենները երբ ցանկանան գործողություն իրականացնել տարածքում, արդեն նախնական տեղեկատվության հնարավորություն կունենան այդ բազայից»։
Թովմասյանը նաև ասաց, որ քաղաքացիների համար բացվել է maparmenia.am կայքը. «Այնտեղ տեղադրված է որոշակի տեղեկատվություն, ակնկալում ենք՝ մինչև այս տարվա ավարտ և եկող տարվա սկիզբ տեղեկատվությունը ավելի մեծ ծավալով ներդրվի»։
Նա ասաց, որ տեղեկատվությունը պետք է բաց և ազատ լինի, քաղաքացիներն ու բիզնեսը պետք է օգտվեն այդ տեղեկատվությունից։