Հասարակություն

Ֆրանսիայից ներմուծված ոչխարների խաչասերումից ստացած միսը մոտ 7000 դրամ արժե. ֆերմերները գոհ են ծրագրից

Ֆրանսիայից ներմուծված ոչխարների խաչասերումից ստացած միսը մոտ 7000 դրամ արժե. ֆերմերները գոհ են ծրագրից

Ֆերմերային տնտեսությունների, ազգային ագրարային համալսարանի և էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ մայիսի 24-ին հիմնադրվեց Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիան։ ICARE հիմնադրամի համակարգմամբ, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիայի համար մշակվել է զարգացման ռազմավարություն։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԶԾ-ի կողմից։

Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիան զբաղվելու է Հայաստանի տոհմային ոչխարաբուծության ոլորտում առկա մի շարք խնդիրներ վերհանմամբ՝ խթանելով ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների կրթմանը, վերապատրաստմանը, մրցունակ շուկայում ինտեգրվելուն և որակյալ արտադրանք ստանալուն։

Ֆերմեր Մհեր Կիրակոսյանը Սարահարթ գյուղից է։ Radar Armenia-ի հետ զրույցում պատմեց, որ անդամագրվել է նորաստեղծ ասոցիացիային, իսկ անցած տարվանից մասնակցում է ծրագրին՝ նպատակ ունենալով մեծացնել ֆերման ու ավելի լայն թափով զարգացնել ոչխարաբուծությունը, հատկապես, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստացել դրսից ներմուծված ոչխարներին խաչասերել տեղականի հետ և ստանալ ավելի մսատու ցեղատեսակներ, որոնք պահանջված են ռեստորաններում․ «Այս պահին խաչասերման արդյունքում հարյուր գլուխ ոչխար ունենք։ Ի տարբերություն մեր տեղական ոչխարների՝ խաչասերվածներն ավելի կարճ ժամանակում ավելի շատ քաշ են հավաքում։ Օրինակ, եթե տեղական ոչխարը 6 ամսականում տալիս է 15 կգ միս, խաչասերվածը տալիս է 18-20 կգ»։

Ֆերմերի խոսքով՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի մասին իմացել է գյուղապետարանից․ «Անցած տարվանից ենք իմացել, մասնակցել ենք։ Այնուհետ մեզ տրամադրել են 12 գլուխ ոչխար։ Ֆրանսիայից ներմուծված ոչխարները խաչասերել ենք մեր տեղական «Բարբաս» ցեղատեսակի հետ։ Այս տարի կարողացել ենք 60-70 գլուխ ոչխար ստանալ, մոտ 30-35 գլուխ էլ անցած տարի»։

Ֆերմերագործության զարգացման առումով Կիրակոսյանը բարձր է գնահատում ծրագրի նշանակությունը․ «Ներմուծված ոչխարների միսը շատ բարձր որակի է, որը ներկայումս 7000-7500 դրամի սահմաններում ռեստորանները վերցնում են։ Հիմա վաճառքի ոչխար չունեմ։ Հիմնադրվել է տոհմային ոչխարաբույծների ասոցիացիան, բայց դեռ չեմ հասցրել ներկայացնել, թե ինչ ունեմ, քանի որ թղթաբանություն պետք է կազմեմ։ Ժամանակ պիտի գտնեմ՝ գործը գլուխ բերելու։ Ասոցիացիային ներկայացնելուց հետո պատրաստվում եմ վաճառքի հանել միսը։ Անցած տարի ոչխար ունեցել եմ, բայց չեմ ուզել վաճառել, իսկ ծրագրին մասնակցած այլ ֆերմերներ վաճառել են և գոհ են եղել արդյունքներից»,- պատմում է ֆերմերը։ 

Կիրակոսյանն այս պահին 350 գլուխ ոչխար ունի։ Ֆրանսիայից ներկրված արուներին պահում են, որպեսզի մեծացնեն ֆերման, հետո առատորեն վաճառեն միսը, հատկապես, որ 600 մ² տարածքով ֆերմայի շինարարության աշխատանքները 2020-ին են ավարտել։ Ասում է՝  այս ծրագիրը բավականին շահեկան նշանակություն ունի ֆերմերային տնտեսությունը զարգացնելու համար։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական