Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է դեսպանի՝ Հայաստանում իրականացրած ծառայությանը՝ գնահատելով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նրա ազնիվ վերաբերմունքը: Նորին Սրբությունն ի դեմս դեսպանի՝ շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը դժվարին այս ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:
Իր հերթին՝ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Նորին Սրբությանը ներկայացնելով Հայաստանում իր ծառայության տարիների արդյունքներն ու ձեռքբերումները, վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև առկա ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել զորանալ ու արդյունավորվել:
Անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին՝ դեսպանը կարևորել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին փաստել է նաև, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը անդրադարձել են մարդկային կյանքում հոգևոր, բարոյական արժեքների զորացմանը, ինչը կնպաստի ավելի բարի, ապահով ու խաղաղ դարձնելու աշխարհը:Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Իրանի հայ համայնքի հոգևոր կյանքին։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: