ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, թե միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը ՀՀ կառավարությունն առաջիկայում կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը:
«Հռոմի ստատուտի հետ կապված՝ անցած շաբաթ աշխատակազմը, արդեն պատասխանելով ԶԼՄ հարցադրումներին, ներկայացրեց, որ առաջիկայում ուղարկելու է, կարծեմ շաբաթների հարց է»,- ասել է նախարարը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Խոսելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ դատավորների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ԶԼՄ-ների հայտարարությունների մասին՝ նախարարն ասաց. «Կարեն Անդրեասյանի հետ կապված ԶԼՄ հայտարարությունները, իմ կարծիքով, բամբասանքներ են, նույնիսկ ընթացակարգային լավ չեն պատկերացնում՝ ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները որոնք են: Ուղղակի, իմ խորին համոզմամբ, պաշտպանվող կողմը բոլոր ձևերով փորձում է ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, բայց դա իրենց պաշտպանական ստրատեգիան է:
Բնական է, որ իրավախախտները, որոնք ենթարկվել են պատասխանատվության, պետք է ինչ-որ ձևով պաշտպանվեն: Օրինակ՝ եթե մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ՝ որևէ չինովնիկ՝ նախկին կամ ներկա, ասում է, որ սա քաղաքական հետապնդում է, եթե դատավորը բռնվում է իրավախախտ գործունեության մեջ, պետք է ասի, որ ճնշում է: Բոլորն իրենց ձևով պաշտպանվում են: Նորմալ է, մենք էլ ժողովրդավար երկրում ենք, բոլորի կարծիքը լսում ենք, բայց չենք շեղվում մեր օրակարգից»: