Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում խոսել է տրանսպորտի ոլորտում կայացրած որոշումների մասին՝ շեշտելով, որ դրանց արդյունքում էականորեն բարեփոխվում է ոլորտը:
Ըստ նրա՝ առաջին որոշումը վերաբերում է օդանավակայանում գործող տաքսի ծառայություններին, համաձայն որի՝ տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ:
Երկրորդ որոշումը վերաբերում է օդանավակայանից Երևան ավտոբուսային երթուղու հիմնմանը. «Երկուսն էլ շատ կարևոր հարցեր են, այդ թվում՝ մեր երկրի իմիջի տեսակետից: Ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջության և ուղևորափոխադրումների ոլորտում շատ մեծ զարգացումներ ունենք: Մյուս կողմից՝ պետք է այն հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ պրոբլեմ է, որևէ զարգացած երկրում նման բանը նոնսենս է, համարյա տաքսիների ուղևորների համար քաշքշուկի հասնող որսը անընդունելի է, որքան էլ հասկանալի է սոցիալական նկատառումով»:
Նա նշեց, որ ոստիկանությունից, տեսչական մարմիններից ակնկալում են սկզբունքային աշխատանք այս հարցում. «Չգիտեմ՝ տաքսիների հետ կապված արդեն մրցույթ եղե՞լ է, հաղթող եղե՞լ է, բայց պետք է ամեն ինչ անել, պետք է այդ սկզբունքը պահել. չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տալ օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել»:
Տրանսպորտային ոլորտին վերաբերող երրորդ նորությունն էլ, ըստ Փաշինյանի, կապված է Վերին Լարսի անցակետի հետ, որտեղ բարձրացվել է թողունակությունը, և 11 անցուղուց դարձել է 39: