Հասարակություն

Կարևորվել է սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված համագործակցությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Ընդգծելով կայուն զարգացման նպատակների կարեւորությունը երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում՝ կողմերը մտքեր են փոխանակել այս ուղղությամբ իրականացվող ընթացիկ և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է սահմանամերձ համայնքների դիմադրողականության բարձրացմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև առողջապահական, կրթական և բնապահպանական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ գործակալությունների՝ տեղում ներգրավման կարևորությունը՝ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և բնակչության հումանիտար խնդիրները հասցեագրելու նպատակով։ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ՀՀ սահմանամերձ համայնքների վերականգնմանն ուղղված աջակցության տրամադրումը։

Նաթիա Նացվլիշվիլին վերահաստատել է Հայաստանի ընթացիկ բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամությունը՝ կարևորելով նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: