Հասարակություն

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բաց է, սակայն կարկուտից Իջևանում գրանցվել են ավերածություններ

Տեղատարափ կարկուտից հետո Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը, տապալվել են ծառեր, պոկվել՝ տանիքներ․ հայտնում է Իջևանի համայնքապետարանը։ 

Անմիջապես կարկուտից հետո վնասված ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով աշխատանքի են անցել Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայության խմբերը և հատուկ տեխնիկան։ Աշխատանքները տեղում համակարգում է համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։

Տեղում ծառայություն են իրականցնում և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերում ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայության, շտապօգնության աշխատակիցները։ Արտակարգ ռեժիմով աշխատում է ՀԷՑ-ը:

Համայնքապետարանից հայտնում են նաև, որ Իջևանում տեղացած կարկուտից խցանված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է տրանսպորտային միջոցների համար: