Հասարակություն

Փաստաբանները դատախազին հեռուստացույց էին նվեր բերել

Մի խումբ փաստաբաններ այսօր բողոքի ակցիա են իրականացրել գլխավոր դատախազության շենքի մոտ։

Փաստաբանները գլխավոր դատախազ Աննա Վարդանյանի համար կարմիր ժապավենով հեռուստացույց են նվեր բերել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե դա խորհրդանշական նվերն է` ընդդեմ փաստաբաններին բռնության ենթարկելու` գլխավոր դատախազի դրսևորած անտարբերության:

«Երբ դատախազին ԱԺ–ում հարց ուղղվեց, թե ինչ առաջընթաց կա փաստաբանների նկատմամբ բռնության դեպքի քննությունից, նա ասել էր, որ չի հետևել, նման դեպքից տեղյակ չէ։ Հիմա հեռուստացույց ենք նվեր բերել, որպեսզի նա հետևի ՀՀ–ում տեղի ունեցածին։ Այս հեռուստացույցը բացի Հ1–ից, նաև այլ ալիքներ էլ է հեռարձակում, որի շնորհիվ դատախազն արդեն տեղյակ կլինի, որ մեր երկրում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր են տեղի ունենում»,– հայտարարել է նա։