Հասարակություն

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Վրաստան ճամփորդել նույնականացման քարտերով. նախագիծն ԱԺ-ում է

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։

Վերջինիս նպատակն է հնարավորինս պարզեցնել երկու պետությունների տարածքներում քաղաքացիների փոխադարձ այցելությունները: Ըստ այդմ, Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կարող են փոխադարձ այցելություններ կատարել ոչ միայն անձնագրերով, այլև նույնականացման քարտերով։

ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը նշեց, որ այս նախագիծը բխում է կառավարության 2021-26թթ ծրագրից, համաձայն որի՝ Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ։

Նա հիշեցրեց, որ համաձայնագիրը կնքվել է 2023թ. հունվարի 12-ին. «Վրացական կողմն արդեն ավարտել է ներպետական ընթացակարգերը։ Հայաստանում նախագիծն անցել է սահմանադրական վերահսկողություն և այժմ ներկայացվել է ԱԺ հաստատմանը»։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ տեղեկացրեց. «Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։ Հաջորդ ամսվա սկզբից այն արդեն ուժի մեջ կմտնի, մինչ այդ կստորագրի նաև Վրաստանի նախագահը։ Այս նախագծի շնորհիվ հարյուրավոր քաղաքացիների կյանքը կհեշտացվի, և նրանք կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան»։