Հասարակություն

Սյունիքի մի շարք բնակավայրերում կարկուտը վնասներ է հասցրել. պետության աջակցությունն են ակնկալում

Հունիսի 13-ին տեղացած խոշոր կարկուտն ու վարար անձրևը վնասել են Սյունիքի Սիսիան համայնքի Գետաթաղ, Վաղվատին, Որոտան, Շամփ, Դարպաս, Լոր, Շենաթաղ գյուղերի այգիներն ու տները։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Գետաթաղի բնակչուհի Ջեմմա Ստեփանյանը․

«Ախր պատմելու չի։ Որ կինո նկարեին, չէին կարող նկարել այն, ինչ մեզ մոտ էր կատարվում։ Հունիսի 13-ին ահավոր կարկուտ եկավ՝ ձվի չափ։ Երկու օր անց էլ վարար անձրև եկավ, ու կրկին կարկուտ տեղաց։ Դրան անձրև ասել էլ չի կարելի։ Մեզ մոտ ահավոր վիճակ է»,- նեղսրտած պատմում է տիկին Ջեմման և հերթով ներկայացնում կորուստներն ու հասցված վնասը. «Ընդհանրապես ոչինչ չկա։ Տեղն էլ չի երկում, թե որտեղ ինչ էր ցանած․ սածիլների տեղը չենք կարողանում գտնել։ Կարտոֆիլի մի երկու ցողուն է երևում, լոբին ու ծառերի բերքն էլ ընդհանրապես չկան։ Տպավորություն է, թե աշնան տերևափաթ է»։

Տիկին Ջեմման մի քանի հողամաս ունի, բայց գյուղատնտեսական ապահովագրությունից չեն օգտվում։ Հետքրքրվեցինք՝ մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները չե՞ն հանդիպել բնակիչներին, վնասի գնահատում չե՞ն իրականացրել․ «Ձևական եկան, գնացին։ Գիտե՞ք՝ ցավը որն է, որ անգամ հեռուստատեսությամբ ցույց չեն տվել այս ամենը։ Թուրքիայում աղետ էր՝ Հայաստանն օգնության ձեռք մեկնեց։ Իսկ մենք՝ Հայաստանում ապրողներս, ընդհանրապես ոչ մի աջակցություն չենք ստանում։ Մեզ ասել են, իբր գյուղատնտեսական աջակցություն ցույց կտան, բայց ոչ միայն գյուղատնտեսությունն է տուժել, այլև տները»,- վրդովված իրավիճակն է  ներկայացնում տիկին Ջեմման։

Նրա խոսքով՝ նոր վերանորոգված տունն ու տանիքը վարար անձրևի և ու կարկուտի պատճառով ամբողջովին վնասվել են․ «Իհարկե, հասկանում ենք, որ որևէ մեկի մեղքը չկա՝ բնության արհավիրք է, բայց մի փոքր ուշադրություն է պետք։ Ասում են՝ ապահովագրած չի։ Ի՞նչ անենք, որ ապահովագրած չի։ Ենթադրենք՝ ես անգրագետ գյուղացի եմ, տեղյակ չեմ այդ ապահովագրությունից։ Համայնքապետարանից որ եկել էին, ասում են՝ մենք ինչ կարող ենք անել։  Քաղաքապետին ասել եմ՝ մենք Ձեզ ենք ընտրել, Ձեզ ենք վստահել, հիմա Ձեր աջակցության կարիքն ունենք։ Կարելի է, չէ՞, թեկուզ չնչին օգնություն ցույց տալ»,- ասում է տիկին Ջեմման և ակնկալում, որ պետությունը կարկուտից վնասված տունը վերականգնելու համար օգնության ձեռք մեկնի։

Հայկ Մագոյան