Կառավարության որոշմամբ` 224 մլն դրամ կուղղվի Վայոց Ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, ինչպես նաև Սյունիքում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային աշխատանքներին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ Վայոց Ձորում և Տավուշում 9 կրթահամալիր և 14 դպրոց կկառուցվի։ Ըստ նրա՝ առաջիկայում նման կրթահամալիրներ կկառուցվեն նաև Լոռում, Շիրակում և Երևանում։
«Կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսհաստատությունների ընդգրկման նախապայմանները հետևյալն են․ դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու աշակերտների փոքր թիվը», - ասաց Անդրեասյանը։
Այդ նախապայմաններից ելնելով` Վայոց Ձորում կրթահամալիրների համար ընտրվել է 4 բնակավայր՝ Արտաբույնք, Քարագլուխ, Արփի և Մարտիրոս գյուղերը, Տավուշում՝ 5 բնակավայր՝ Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն և Ոսկևան գյուղերը։
Դպրոցների նոր շենքերը կառուցվելու են Վայոց Ձորի Վայք քաղաքում և Արենի գյուղում և Տավուշի 8 բնակավայրում՝ Այրում, Կոթի, Բագրատաշեն, Արծվաբերդ, Այգեձոր, Նոյեմբերյան, Կողբ և Սևքար։
ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ Սյունիքում արդեն իսկ ընթանում են 40 կրթահամալիրների շինարարական ծրագրերը, որոնցից 3-ի շենքերն արդեն կառուցման փուլում են, մեկինն ավարտված է: