Հասարակություն

«Էապես կփոխվի գազի որակը». ՏԿԵ նախարար. Երևանում 4 ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության նիստում քննարկվում է Երևանի գազամատակարարումը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու հարցը։

Ըստ որոշման հիմնավորումների՝ ներկայիս խիտ բնակեցվածության պայմաններում, ազգաբնակչության բնականոն կյանքը չխաթարելու նպատակով, անհրաժեշտ է դիտարկել նախագծի փուլային իրականացումը, որը նախնական քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և հաշվի է առնվել նաև Երևանի տարածքային զարգացման միտումների վերաբերյալ քաղաքապետարանի խորհրդատվական տեղեկատվությունը։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, որոնց ավարտից և վերջնական համաձայնեցումներից հետո աշխատանքները կիրականացվեն հետևյալ փուլերով.

I փուլ՝ Երևանի հյուսիս-արևելյան հատված.

II փուլ՝ հարավ-արևմտյան հատված.

III փուլ՝ հարավային հատված։

IV փուլ՝ արևելյան հատված։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այս քայլերի արդյունքում էապես կփոխվի գազի որակը. «Այժմ ցանցը ծանրաբեռնված է, ինչը բերում է նրան, որ ոչ միայն նոր բաժանորդներ չեն կարող միանալ, այլև ճնշման, որակի հետ կապված խնդիրներ կան․ այդ հարցն էլ կկարգավորվի»։

Ըստ նախարարի՝ կառուցապատողները բավական մեծ հեռավորությունից են ստանում թույլտվություն, ինչը լրացուցիչ ծախս ու խնդիրներ է ստեղծում. «Առաջարկվող նախագծով հիմնականում քաղաքաշինական-տեխնիկական լուծումներ են գտել գործընկերները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա ներդրումային միջավայրի բարելավման առումով չափազանց կարևոր հարց է։ Նա նշեց, որ այս փուլում ամենակարևորը Երևանն է, բայց նաև մարզերում են այս խնդրի լուծման ուղղությամբ քայլեր արվելու։