Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները քաղաքացիական հայցադիմում չեն ներկայացնելու դատարան, այլ գնալու են նոտարի մոտ, որն իր հերթին հայցադիմումը էլեկտրոնային եղանակող ուղարկելու է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։
Ըստ նրա, խոսքը մինչև 2 միլիոն դրամի վճարում չկատարելու գործերի մասին է, որը կազմում է քաղաքացիական գործերի 90 տոկոսը. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2000-2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան 441 հազար քաղաքացիական վեճերով հայցադիմում է ներկայացվել, որից 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են։ Ստացվում է, որ գրեթե 90 տոկոսը մեր դատարանների ծանրաբեռնված է գործերով, որոնք, ըստ էության, իրենցից արդարադատություն չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճը ուղղակի դատավորը վերցնում է, պայմանագիրը նայում է և հաստատում է։ Այդ գործերի 95 տոկոսը չեն էլ բողոքարկվում, որովհետև քաղաքացիների մեծ մասը համաձայն են, գիտեն, որ պարտք ունեն։ Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները շուրջ 80 տոկոսով»։
Ըստ նախարարի, նման վեճերի դեպքում թվային գործիքներով գործն ուղարկելու է հարկադիր կատարման ծառայություն. «Բայց նաև մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս բողոքարկել գործերը»։