Կառավարության այսօրվա որոշմամբ է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը միացման ձևով կվերակազմակերպվի` միացնելով ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին: 2010 թ. ստեղծված ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից:
Ընկերության կողմից գեներացնող ճառագայթման աղբյուրի օգտագործման միջոցով իրականացվում է ռադիոիզոտոպների արտադրություն և դրանց կիրառմամբ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ և ռադիոնուկլիդային հետազոտությունների կատարում: Ընկերությունն իր հիմնական գործառույթներով ներկա պահին միակն է ՀՀ առողջապահական բնագավառում, իսկ արտադրության գործառույթներով՝ միակը տարածաշրջանում։ Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 900 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա հետազոտություն: Կենտրոնն իր գործունեության սկզբից ի վեր սերտ համագործակցում է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ: Վերակազմակերպումը կնպաստի ուռուցքաբանական ծառայության բարելավմանը և շարունակական զարգացմանը։