Հասարակություն

Ղրղզստանից փորձել են առանց հայտարարագրելու կոշիկ ու հագուստ ներկրել

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի  մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում հսկողություն է սահմանվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված երկու բեռնատար տրանսպորտային միջոցի նկատմամբ։

Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն, օրերս մաքսային կետ-բաժնում հսկողություն իրականացնելու նպատակով նշված բեռնատար տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։

Տրանսպորտային միջոցներից մեկում հայտնաբերվել է շուրջ 4300 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված ապրանք՝ հագուստ, կոշիկ, ռետինե խողովակներ, պաստառներ, ճամպրուկներ:

Պարզվել է նաև, որ ուղեկցող փաստաթղթերում ներկայացված ապրանքների և փաստացի առկա ապրանքների քաշերի մեջ կա անհամապատասխանություն. հայտարարագրված է եղել 17 522 կգ, սակայն ապրանքների իրական քաշը կազմել է 13 296 կգ:

Մյուս բեռնատար տրանսպորտային միջոցի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված 2.300 կգ քաշով նոր հագուստ։ Պարզվել է նաև, որ տարանցման հայտարարագրում նշված են եղել ոչ ճշգրիտ տեղեկություններ։ Մասնավորապես, հայտարարագրվել է 3.290 կգ կոկոսի մանրաթելի քաթան, սակայն բեռնատարի մեջ տվյալ ապրանքի փաստացի քաշը կազմել է 572 կգ։

Փաստերի  առթիվ  կազմվել են  մաքսային  կանոնների  խախտման  վերաբերյալ  արձանագրություններ՝  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։

Ապրանքները  հիմնականում Ղրղզստանի, Չինաստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության արտադրանք են: Բեռնատարները կապարակնքվել են և կայանվել  Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ բաժնի տարածքում։