ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով. այս մասին լրագրողներին տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար։
Աթանեսյանն ասել է, թե որպես ձերբակալման հիմք է նշված՝ բացակայելու արգելք խափաման միջոցի պայմանները խախտելը։ Փաստաբանն ասել է, որ նշված չէ, թե ինչով է խախտել խափանման միջոցի պայմանները, ինքն այդ հարցն ուղղել է քննիչին, բայց պատասխան այդպես էլ չի ստացել։
Աշոտյանի փաստաբանը հայտարարել է նաև, որ լրացվել է առաջադրված մեղադրանքը. «Ոչ թե փաստական կազմը, այլ՝ որակումները։ Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք 8 ամիս չենք հարցաքննվել։ Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում։ Մեղադրանքը պարզապես ծիծաղելի է»։