Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը հայտարարել է, թե այդ գործարանը Հայաստանի այլ հատվածներում կառուցելու տարբեր առաջարկներ են եղել, բայց նպատակաուղղված կերպով ընտրվել է Երասխը՝ երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար։
Նա նշել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն գործարանի տարածքն է թիրախավորել՝ նպատակ ունենալով խոչընդոտելու դրա կառուցումը. «Իրենք թիրախավորում են տեխնիկան և աշխատող մարդկանց, փորձում են խոչընդոտել գործարանի կառուցումը: Թե ինչու են այդպես անում, դա էլ է պարզ, որովհետև չեն ուզում, որ տնտեսական հզորացման հասնենք, իսկ մեր գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ։ Ամբողջական կառուցելուց հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան ենք արտադրելու»։
Տնօրենը շեշտել է, որ հաստատակամ են շարունակելու շինարարությունը, և որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելուց ու ճշտելուց հետո աշխատանքները կվերսկսվեն. «Մեր կտորում վստահ ենք, որ գտնվում ենք ՀՀ ինքնիշխան տարածքում, և՛ մենք, և՛ մեր զինվորականները հաստատակամ ենք շարունակելու։ Խուճապ չկա, բայց, իհարկե, անհանգստացած ենք»։
Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ այս պահին ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից գրեթե 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։