Հասարակություն

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում դեմ են օպտիմալացմանը. ԿԳՄՍՆ-ից պարզաբանում են

«Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցը միացնում են թիվ 1 ավագ դպրոցին, մեր դպրոցը կազմալուծում են». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանը։

«Կատարվում է դպրոցի օպտիմալացում։ Դպրոցը կազմալուծում են։ Ամբողջ աշխատակազմին ծանուցում են, որ իրենք աշխատանքից ազատված են։ Պատճառաբանում են, որ չունեն ֆինանս, որպեսզի մեզ պահեն։ Պատճառաբանում են, որ աշակերտների թիվը քիչ է։ Մյուս դպրոցում էլ է քիչ։ Այդ պատճառով մեր աշակերտներին տեղափոխում են մյուս դպրոց ու այդպես օպտիմալացնում են։ Արմավիրի բնակչությունը այնքան շատ է, որ երկու ավագ դպրոցը նորմալ է՝  հաշվի առնելով, որ դպրոցներից մեկը քաղաքի մի ծայրում է, մյուսն՝ այլ ծայրում»,- նեղսրտում է տնօրենը։ 

Քալաշյանն ասում է՝ «միտում է տեսնում, որ ֆինանս տնտեսելու համար մի ամբողջ կոլեկտիվի աշխատանքից ազատում են»։ Նախարարությունից ասել են, որ դպրոցի ուսուցիչները քաղաքի մյուս դպրոցներում աշխատելու շանսեր ունեն․ «Եթե դպրոցները միավորվեն, մեր դպրոցի 33 մանկավարժ և 10-ից ավելի վարչատնտեսական և օժանդակ աշխատող աշխատանքը կկորցնեն»։

Հարցին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լսե՞լ է դպրոցի կոլեկտիվի կարծիքը կամ հանդիպե՞լ է նրանց հետ, դպրոցի տնօրենն ասաց, որ նախարարին գրություն են ուղարկել, որին չի էլ պատասխանել։ «Երեկ մեզ մոտ այցի է եկել ԿԳՄՍ փոխնախարարը։ Ասեմ, որ ինքն իր կամքով չի եկել․ իրեն մարզպետարանից են դիմել։ Եկել են շատ արհամարհական դիրքով, իրենց ասելիքով, որ դպրոցը կազմալուծում են։ Այդպես է հարմար, այդպես է պետք»։

Քալաշյանը վստահեցնում է, որ նախապես իրենց հետ ոչ մի բան չեն խոսել, չեն լսել իրենց կարծիքը և այդպիսով ոտնահարում են դպրոցի աշակերտների և ուսուցիչների իրավունքները, քանի որ, ըստ նրա, դպրոցի կոլեկտիվն իրավունք ունի իմանալ, թե ինչ է կատարվում։ 

Դպրոցի տնօրենն ասում է, որ իրենք փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել․ «Չի կարելի։ Կրթօջախ փակել՝ այն էլ այս դարում։ Մանավանդ, որ պատճառ էլ չկա։ Միայն ֆինանսի համար դպրոց չեն փակում։ 244 աշակերտ ունի դպրոցը՝ 680 աշակերտի հզորությամբ։ Մյուս դպրոցն ունի 1000 աշակերտի հզորություն և 287 աշակերտ։ Եվ, բնականաբար, մեր դպրոցի ուսուցիչները չեն կարող տեղավորվել և աշխատել։ Իսկ իմ դպրոցի ուսուցիչները վերապատրաստված, ավագ դպրոցի մասնագետներ են։ Իրենք հիմնական դպրոցներում հանգիստ կաշխատեն, բայց նրանք վերապատրաստվել են ավագ դպրոցում աշխատելու համար։ Իսկ թիվ 1 դպրոցում կան կան մանկավարժներ, և մեր դպրոցի մասնագետների կարիքն այնտեղ չկա»։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ փոխնախարարը հանդիպել է դպրոցի ուսուցչական կազմի հետ, այնուհետև դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, ներկայացրել պետական քաղաքականությունը, գործընթացի մանրամասները, նպատակը և դրդապատճառները, ինչպես նաև պատասխանել մանկավարժներին և աշակերտներին հուզող հարցերին: Արաքսյա Սվաջյանն անդրադարձել է կառավարության բարեփոխումների ընդհանուր ծրագրին, ինչի համատեքստում իրականացվում են նաև դպրոցների միավորումներ:

Փոխնախարարն ընդգծել է, որ դպրոցների միավորման գործընթացն իրականացվում է հանրապետության տարբեր մարզերում և Երևանում, որը պայմանավորված է 1400 դպրոցների մեծ մասի թերբեռնված աշխատանքով և ոչ բարենպաստ շենքային պայմաններով:

Հիշեցնենք՝ Արմավիրի երկու ավագ դպրոցների օպտիմալացման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը դրվել է հանրային քննարկման։ Դա հիմնավորվում է Արմավիրում գործող, ԿԳՄՍՆ ենթակայության՝ 2 ավագ դպրոցների՝ Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ և թիվ 4 ավագ դպրոցների սովորողների աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների (շենքերի) օպտիմալ օգտագործմամբ:

Հայկ Մագոյան