Հասարակություն

Թմրաշրջանառության դեմ պայքարի գործիքակազմը պետք է փոխել. պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանում թմրաշրջանառության հետ կապված լրջագույն խնդիր ունենք։ Միաժամանակ, պատգամավորի խոսքով, այդ խնդիրը միայն Հայաստանում չէ. ամբողջ աշխարհում։

Նա նշեց հանցագործության դեմ պայքարելու երկու սկզբունքներ. «Առաջինը պատժի խստությունն է, տվյալ դեպքում թմրանյութերի պահելը, իրացնելը, առաքելը ենթադրում է պատասխանատվություն 7-10 տարի ժամկետով, ինչը բավականին խիստ պատիժ է: Այնուամենայնիվ, քաղաքացիները գնում են այդ քայլին և վաճառում, ներմուծում, առաքում են թմրանյութեր՝ դրանով վտանգելով մեր քաղաքացիների կյանքը:

Հաջորդ սկզբունքը պատժի անխուսափելիությունն է. հանցագործը, բացի պատժի խստությունից, պետք է իմանա, որ իր արած հանցագործության համար պատիժը լինելու է անխուսափելի»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում թմրանյութը վաճառվում է Տելեգրամով, այլ հարթակներով, ինչի դեմ պայքարելը շատ բարդ է: «Ես չեմ ուզում այնպես ստացվի, որ թերագնահատում եմ ոստիկանության աշխատանքը: Այո, մեր ոստիկանապետը, ՆԳ նախարարը, ոստիկանության աշխատակիցները մեծ ջանքեր են ներդնում այս հանցագործության դեմն առնելու համար: Գիտեք՝ ստեղծվել է թմրանյութերի դեմ պայքարի նոր բաժին, որն առաջիկայում կարող է դառնալ վարչություն, բայց պայքարի մեթոդները, ձևերը և գործիքակազմը պետք է փոխել. այս քանակի բացահայտումները նպաստում են, բայց չեն կանխարգելում, շարունակաբար աճում է թմրանյութերի շրջանառությունը»,- ասել է Հայկ Սարգսյանը: