Հասարակություն

Քննություն հանձնողներից 6-ն օգտվել են տեխնիկական միջոցներից և հեռացվել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե քննությունների ժամանակ տեխնիկական միջոցներից օգտվելու 6 դեպք է բացահայտվել, և քննություն հանձնողները հեռացվել են։ 

«Ունենք որոշ դիմորդներ, որոնք ևս մեծ թիվ չեն կազմում, որոնք նախնական որոշակի փորձեր են արել՝ քննությանը չմասնակցելու, բժշկական տեղեկանք ներկայացնելու փորձեր են արել: Սրանք բոլորը շատ մանրակրկիտ ստուգվում են:

Իհարկե, մեր երեխաները շատ հնարամիտ են: Ես չեմ բացառում, որ տեխնիկական միջոցներից օգտվելու այնպիսի հնարավորություններ են գտնում, որ դեռ բացահայտելու և այդ ձևերը հասկանալու կարիք կունենանք, բայց ուզում եմ ասել նաև, որ վերահսկողությունը մենք իրականացնում ենք համատեղ ջանքերով, շատ ուշադիր ենք փորձում լինել, և այստեղ հավելյալ վերահսկողության կարիք անընդհատ կա»,- ասել է նա։ Ըստ Անդրեասյանի, նաև հանրային վարքականոնի խնդիր կա, թե որքանո՞վ են կեղծիքը հանդուրժում:

Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ այդ կեղծիքում ներգրավված են լինում կրթական հաստատությունների աշխատակիցները՝ ուսուցիչներ։ Ըստ նրա, դեպքերը մասնավորապես, վերաբերում են 9-րդ դասարանների ավարտական քննություններին։