ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները ՄՊՀ անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին հարցեր են ուղղել նրա նախկինում արած ֆեյսբուքյան գրառումներից մեկի վերաբերյալ։
Արփի Դավոյանը մեջբերումներ է արել Նիկոլ Փաշինյանին սատարողների վերաբերյալ թեկնածուի հրապարակային գրառումներից, որոնք նա ջնջել է:
«Հիմա դուք կանգնել եք այս ամբիոնում և պատասխանում եք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին: Եթե դուք, որպես քաղաքացի, պնդում եք, որ կարող եք ունենալ ձեր կարծիքը, խնդիր չկա: Կարծում եմ՝ որպես քաղաքացի դուք այս ամբիոնից էլ պիտի պնդեք այդ գրառումները, որոնք, չգիտես ինչու, ջնջել եք: Հիմա դուք պնդո՞ւմ եք, որ «փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար»»,- հարցրել է Արփի Դավոյանը:
Էմմա Պալյանն էլ հարցրել է. «Դուք ոչխար եք անվանել 680 հազար քաղաքացու. հիմա ինչքանո՞վ եք բարոյական համարում էդ մարդկանց կողմից ընտրված քաղաքական մեծամասնությունից դրական քվե ակնկալելը: Դուք եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք»։
Թեկնածուն նշել է, թե իր կարծիքով, ԱԺ-ում պատասխանելու էր մասնագիտական հարցերի, այլ ոչ թե հարցնելու էին ֆեյսբուքյան գրառումների մասին. «Ես շատ զարմացած եմ, որովհետեւ կարծում եմ, որ պառլամենտական պետությունում Ազգային ժողովը թիվ մեկ ամբիոնն է, որտեղ պետք է քննարկվեն շատ շատ լուրջ, պետության համար կարեւոր հարցեր եւ չքննարկվեն ֆիզիկական անձանց ֆեյսբուքյան գրառումներ»։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ, անդրադառնալով թեկնածուի պատասխաններից մեկին առ այն, թե ինքը խնդիր ունի հայ ժողովրդի հետ, հարցրեց. «Իսկ դուք մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է ձևավորվում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի աշխատավարձը, որ այն այդ ժողովրդի հարկերից գոյացող գումար է, որը տրվում է հանրօգուտ գործ անելու համար: Հիմա դուք խնդիր ունե՞ք այդ աշխատավարձի հետ, որը նախատեսված է այդ անդամի համար, որովհետև դա ձևավորվել է ձեր կողմից նշված այ էն ժողովրդի կողմից»: