Հասարակություն

«Գերիշխող դիրք ունենալը չէ վնաս, այլ՝ դրա չարաշահումը». ՄՊՀ անդամի թեկնածու

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի՝ 2014թ․ արած հայտարարությունը, թե՝ «բա ի՞նչ եք ուզում, մի փոքր երկրում հո 10 հոգի շաքար չեն ներկրելու»։ Եղոյանը նկատեց, թե նույնը երևի վերաբերել է մյուս ապրանքներին. «Ի՞նչ եք կարծում՝ այդ պնդումը տնտեսագիտորեն ճի՞շտ է, Հայաստանի նման փոքր շուկա ունեցող երկրում քանի՞ հոգի պիտի ներկրեն շաքար, բենզին կամ ձեթ»,- հարցրեց նա։

Անահիտ Սարգսյանն, ի պատասխան, նշեց, որ տնտեսագետների կարծիքով՝ գոյություն ունի մասշտաբի էֆեկտ․ «Այսինքն, երբ խոշոր ընկերությունը ներկրում է, իր ծախսերն ավելի քիչ են, և, բնականաբար, ապրանքի ինքնարժեքն ավելի ցածր է, ինչն ավելի ցածր գնով է ներկայացնում այդ ապրանքը։ Հայաստանը փոքր է, այո, և, ենթադրենք, 10 խոշոր ընկերություն ներկրի մեծ ծավալներով, որպեսզի իր մոտ ինքնարժեքն էժան լինի, և ապրանքը կարողանա էժան վաճառել, այդ ապրանքը չի վաճառվի։ Բնականաբար, պետք է բերեն մանր ընկերությունները, որոնց համար ինքնարժեքն էլ, ապրանքի գինն էլ բարձր կլինեն։ Երբ մենք ԵԱՏՄ մտանք, բացվեց շուկան, սկսեցին ավելի էժան գներով շաքարավազ ներկրել Ռուսաստանից։ Ներկրել սկսեցին փոքր ընկերությունները՝ փոքր խմբաքանակներով։ Իմ աշխատելու տարիներին մենք մանրամասն ուսումնասիրում էինք այդ ոլորտը, այդ ընկերությունները չդիմացան մրցակցությանը»։

Անահիտ Սարգսյանի կարծիքով՝ մենաշնորհները վնաս են, և հնարավորինս պետք է քչանան նաև բնական մենաշնորհները։ Սակայն գերիշխող դիրք ունենալը վնաս չէ, և օրենքն էլ չի արգելում սուբյեկտին գերիշխող դիրք ունենալ։ Օրենքն արգելում է գերիշխող դիրքի չարաշահումները։